ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Մեգան Մարքլով հիացած չէ՝ մեկնաբանելով Մարքլի եւ արքայազն Հարրիի մասնակցությունը Time 100 տեսանախագծին, որն ամերիկացիներին քվեարկելու կոչ է անում։

Տեսանյութում Մեգանն ասում է, որ յուրաքանչյուր 4 տարին մեկ ընտրությունները համարվում են մեր կյանքի ամենակարեւոր իրադարձությունը․ «Երբ մենք քվեարկում ենք, մեր արժեքները կյանքի են կոչվում, եւ մեր ձայները լսելի են»։ Հարրին ամերիկացիներին կոչ է արել «մերժել ատելության բորբոքումը, ապատեղեկատվությունը եւ համացանցային բացասականը»։

Չեն հիշատակվել ո՛չ Թրամփը, ո՛չ Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակից Ջո Բայդենը, բայց ոմանք զույգի մեկնաբանությունները մեկնել են որպես Թրամփին ուղղված քննադատություն։

Թրամփին տեսանյութի մասին հարցրել են Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, եւ թղթակիցն ասել է, որ զույգը, «ըստ էության, մարդկանց խրախուսել է քվեարկելու Ջո Բայդենի օգտին»։

«Ես նրա երկրպագուն չեմ եւ կասեի, ինչը նա եւս, հավանաբար, լսել է, որ Հարրիին հաջողություն եմ մաղթում։ Նրան դա հարկավոր կլինի»,- ասել է Թրամփը։