Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ որոշ հարևան պետություններ երկրում անցկացված երդմնակալության արարողության կապակցությամբ ապակառուցողական դիրքորոշում են որդեգրել, գրում է ria.ru-ն։

Լուկաշենկոյի խոսքով՝ դա Բելառուսի ներքին գործն է, և ինքը արևմտյան պետություններին պարտավոր չէր նախապես տեղեկացնել արարողության մասին։

«Հարևաններին Աստված է տալիս, նրանց չեն ընտրում, և մենք դատապարտված ենք միասին ապրել, ընկերություն անել: Բայց պարզվում է՝ միշտ չէ, որ այդպես է։ Հարևան պետությունները, հատկապես Լեհաստանը, գիտեք՝ ինչ դիրքորոշում է որդեգրել։ Նույնիսկ երեկվա երդմնակալությունից հետո ոմանք վրդովվել էին, որ լեհերին, լիտվացիներին, ուկրաինացիներին, չեխերին կամ մեկ ուրիշին չենք տեղեկացրել արարողության անցկացման մասին»,- ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ «Բելառուսի օրենքներով արևմտյան պետություններին և առհասարակ ինչ-որ մեկին պարտավոր չենք զգուշացնել արարողության մասին։ Դա մեր երկրի ներքին գործն է»։

Նա նշել է, որ արևմտյան պետությունների քննադատությունը վերաբերել է արարողությունը «գաղտնի անցկացնելուն», մինչդեռ «երդմնակալության արարողությանը մոտ 2 հազար մարդ է հրավիրված եղել և դա գրեթե անհնար է գաղտնի պահել»։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 23-ին ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը:

Արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։ Միջոցառմանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ՝ պաշտոնյաներ, խորհրդարանականներ, լրատվամիջոցների ղեկավարներ, մշակույթի և սպորտի գործիչներ և այլք։

Բելառուսի ընդդիմությունը Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո մտադիր է բողոքի անժամկետ ակցիա անցկացնել, ինչի մասին հայտնել է բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն:

«Մենք երբեք չենք համաձայնի ընտրակեղծիքների հետ և պահանջում ենք նոր ընտրություններ։ Կոչ ենք անում բոլորին սկսել անհնազանդության անժամկետ ակցիա»,-Telegram-ում գրել է Լատուշկոն:

Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին․ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1 տոկոսը։ Ընդդիմությունն ու Եվրամիությունը չեն ընդունել քվեարկության արդյունքները։

Երկրում բողոքի ակցիաները չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել Լուկաշենկոն: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել: