Ադրբեջանը ստիպված է եղել փոփոխություն կատարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի մոսկովյան հանդիպման վերաբերյալ հաղորդագրության սկզբնական տեքստում այն բանից հետո, երբ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության Լավրովի խոսքերը ճիշտ չի մեկնաբանել, գրում է eadaily.com-ը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի կայքում հրապարակված տեքստում նշվել է, որ Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար «խոչընդոտ» է անվանել։

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը։ Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Ռուսական կողմը կարգավորման գործընթացում կողմ է հանդես գալիս Ադրբեջանին հինգ գրավյալ շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը և տրանսպորտահաղորդակցային համակարգի վերականգնմանը»,- խորհրդարանի կայքում հրապարակված տեքստի համաձայն՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է իրավիճակը՝ խորհուրդ տալով «որպես ճշմարտություն ընդունել բացառապես Մոսկվայի դիրքորոշումը, այլ ոչ թե այլ մեկնաբանություններ»:

«Ինչ վերաբերում է նախարար Լավրովի մեջբերումների ճշգրտությանը, ապա կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այդ հարցին և սկզբունքորեն այդ հարցերն ուղղել այն աղբյուրներին, որոնք տարածել են այդ տեղեկատվությունը»,- ասել է Զախարովան չորեքշաբթի կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

Ինչպես նշում է աղբյուրը, Զախարովայի խոսքերից հետո Ադրբեջանի խորհրդարանի կայքում հաղորդագրության տեքստը խմբագրվել է։ Լավրովի խոսքերն էական փոփոխության են ենթարկվել։ Փաշինյանի հիշատակումը, «հինգ գրավյալ շրջանների վերադարձի» և «խաղաղապահների տեղակայման» մասին խոսքերն առասարակ խմբագրվել են։

«Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է խնդրի լուծմանը և ջանք չի խնայում այդ ոլորտում։ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», — ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության վերջնական տարբերակում։