Ալեքսեյ Նավալնին դեռևս կմնա Գերմանիայում, քանի որ նրա բուժումը չի ավարտվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ընդդիմադիր գործչի մամլո քարտուղար Կիրա Յարմիշը:

«Նավալնին դեռևս նախկինի պես կմնա Գերմանիայում, քանի որ նրա բուժումը դեռ չի ավարտվել: Այնուամենայնիվ, բժիշկներն այժմ լիարժեք ապաքինում են կանխատեսում»,- գրել է Յարմիշն իր թվիթերյան էջում:

Նավալնին ավելի վաղ իր ինստագրամյան էջում գրել էր, որ վերականգնումն այլևս ստացիոնար բուժում չի պահանջում: Նա նախատեսում է ամեն օր ֆիզիոթերապիայով զբաղվել:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ բլոգերին դուրս են գրել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցից, ուր նրան տեղափոխել էին օգոստոսի 22-ին կոմայի մեջ գտնվելու պատճառով:

Գերմանացի բժիշկների խոսքով՝ Նավալնիին թունավորել են: Նրա օրգանիզմում «Նովիչոկ» տեսակի մարտական, նյարդակաթվածահար ազդեցության թունավոր նյութի հետքեր են հայտնաբերել: