Hrapaռak.am-ը գրում է. «Քլինլայն» մաքրման ընկերության աշխատակիցներին, որոնք մաքրում են ,,Էվոկաբանկի,, տարածքը, չլսված ցածր աշխատավարձեր են տալիս, վիրավորում վերջին բառերով: Այս մասին մեզ պատմեց ընկերության՝ «Էվոկաբանկի» տարածքի արդեն նախկին մաքրուհի Սուսաննա Դավթյանը:

«Կարող ա՞ դու հոգեկան ես», — Սուսաննա Դավթյանին ասել է ընկերության պատասխանատու  Հայկ Բաբաջանյանը այն պատճառով, որ Ս․ Դավթյանն ընդամենը հանդգնել է խնդրել, որ մետրոյով անվճար երթեւեկելու աբոնեմենտ տրամադրեն իրեն: «Բոլոր աշխատողներին տրամադրում են, ես էլ խնդրեցի, որ ինձ տան էդ ժետոնից։ Ես էնքան քիչ եմ ստանում, որ ճանապարհածախսին է ամբողջ փողը գնում»,- գանգատվում է Սուսաննան: Նրա հետ խոսել էինք անցած շաբաթ, սակայն նա խնդրեց ոչինչ չգրել, քանի որ հույս ուներ, որ բանկի տնօրինության հետ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կլուծվի: Մեկ շաբաթ սպասելուց հետո Սուսաննային ասել են, որ ազատված է աշխատանքից:

Փաստորեն, ըստ Սուսաննա Դավթյանի, ընկերության ղեկավարությունը նրան չի ներել նման «հանդուգն» պահանջներ ներկայացնելու համար եւ որոշել է ազատել գործից: Բայց ամենասենսացիոնը մաքրուհու եւ ղեկավարության  կոնֆլիկտում աշխատավարձի չափն է: Սուսաննա Դավթյանի ամսական աշխատավարձը կազմել է 15 հազար դրամ:

Չհավատալով, որ Հայաստանում նման աշխատավարձեր կան, դիմեցինք տնտեսական մասի պատասխանատու Հայկ Բաբաջանյանին, որը, ըստ երեւույթին, համակարգում է տարածքների մաքրության հարցերը եւ հավաքարարների փաստացի ղեկավարն է: Բայց մեր զրույցը վերածվեց «կրուտիտների» երկար շարանի: Սուսաննան ասում է, որ ամսական 10-12 օր է մաքրել բանկի տարածքը: Իսկ Հայկ Բաբաջանյանը պնդում է։ «Սուսաննան ընդամենը 4 օր էր աշխատում՝ մի-մի ժամով: Վիրավորանք չի եղել, չի եղել, որ իրեն անհիմն մեղադրանքներ են ներկայացվում: Մենք չենք տրամադրում ոչ մեկին անվճար երթեւեկության աբոնեմենտ: Ես նրան ասել եմ, որ նրա ծախսերը կհոգամ՝ կմտնես մետրո, կասես՝ Հայկի աշխատողն եմ, դռները կբացեն, կանցնես, իսկ նա որոշեց չգալ աշխատանքի»,- ասաց Հայկ Բաբաջանյանը:

Հարցին, թե ինչու պետք է մետրոյի աշխատողները լսեն իրեն, ասաց, որ ինքը նաեւ մետրոյի մենեջերն է:

— Սուսաննան ի՞նչ աշխատավարձ է ստացել բանկից: 

— Ի՞նչ բանկ:

— «Էվոկաբանկից»: 

— Ինքն «Էվոկաբանկում» չի աշխատել:

— Իսկ ի՞նչ հիմունքներով է նա մաքրել ձեր բանկի տարածքը: 

— Ավելի լավ է՝ Դուք կադրերի բաժնի հետ խոսեք, ինչ մնում է իրեն վիրավորելուն եւ այլն, նման բան չկա:

— Դուք նրա հետ հեռախոսազրույց չե՞ք ունեցել: 

— Ես իմ բոլոր աշխատողների հետ հեռախոսազրույցներ ունենում եմ:

— Ո՞րն է կոնֆլիկտի պատճառը: 

— Իրեն ոչ ոք չի ազատել, ինքն է ազատվել աշխատանքից: Մարդը կարա շառ անի, չէ՞։ Տենց բան չկա: Էդ մարդուն վիրավորական չի էլե: Ինքն ասել ա՝ ես չեմ ուզում աշխատեմ: Մենք ստիպողաբար չենք պահում, դա մարդու իրավունքն ա: Մարդը խնդրել ա, մենք ազատել ենք:
Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչպես է պատահում, որ մեր օրերում 15 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդ կա: Կարծում ենք, հարցն այս պետք է հետաքրքրի նաեւ ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին:

Բանկից պարզաբանում են ուղարկել. «Բանկն իր գրասենյակների մաքրման ծառայությունները պատվիրակում է (outsource) մասնագիտացված ընկերության: Նյութում նշված անձինք Բանկի աշխատակիցներ չեն, նրանց աշխատանքային հարաբերություններում Բանկը ներգրավված չէ»:

hraparak.am