Երեկ օրվա իշխանությանը և (ինչպես հայտնի մարզպետն է ասում) իրենց ծառայող ոստիկանության ղեկավարությանը ուղղված գրառմանս պատասխանեց վարչապետին պատկանող թերթը, ինչը նշանակում է, որ հերթական մանիպուլյացիան հայտնվեց աշխարհիս երեսին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Բանն այն է, որ այս տարի այն ժամանակահատվածում, երբ սկսեց նախապատրաստվել Լույս խմբակցության վարորդի քրեական գործը, Մարությանը ազատեց իր վարորդին աշխատանքից: Բայց ինչպես գիտեք «հանցանքը» ժամկետ չունի և քանի որ բոլշևիկյան գործողություններն ինձ համար կանխատեսելի են, հարցում էի արել քաղաքապետին սպասարկող միայն մեկ մեքենայի վերաբերյալ, որը բնականաբար ուներ հրամանագրված վարորդ, ինչպես Լույս խմբակցության դեպքում:

Ինչպես տեսնում եք շուրջ 6 ամիս այդ մեքենան վազք չի կատարել` ունենալով հրամանագրված վարորդ, ինչը նշանակում է, որ մեր անաչառ իրավապահի ձևակերպումներով Մարությանի վարորդը «փաստացի աշխատանք չկատարելով գումար է հափշտակել համայնքից»:

Այս թեման այնքան մանր է, որ ես կամաչեի քննադատության առարկա դարձնել Մարությանի նկատմամբ, բայց դե այդպիսին են այսօր Հայաստանը ղեկավարող բոլշևիկները, ովքեր թույլ են տալիս, որ իրենց վրա «ոտքեր սրբողները» հեռանան երկրից, իսկ իրենք խրոխտաբար հարյուր քանի հազար դրամ ստացող վարորդի գործ են քննում», — գրել է Խաժակյանը։