Թուրքիայի աճող կախվածությունը Huawei-ից եւ չինական այլ ընկերություններից կարող է բարդացնել ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Դրանք բարդացնում են խնդիրները»,- ասել է պետքարտուղարը Washington Examiner-ին տված հարցազրույցում: «Այն փաստը, որ դուք զգալի քանակությամբ տվյալներ ունեք Թուրքիայում, որոնք Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության ձեռքում են, նշանակում է, որ մենք պետք է էլ ավելի զգույշ լինենք»:

Huawei-ը եւ ZTE-ն վերջին տարիներին հեռահաղորդակցական ծանրաքաշեր են դարձել Թուրքիայում` նույնիսկ չնայած նրան, որ Պոմպեոն նախազգուշացնում էր ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներին, որ նման գործընկերությունը կարող է ստիպել ԱՄՆ զորքերին հեռանալ:

«Մենք պետք է համոզվենք, որ ցանցերն անվտանգ են, այսինքն` մեր պաշտպանական ցանցերը, մեր անվտանգության ցանցերը,- ասել է Պոմպեոն:- Չինական ցանցերի աճող ակտիվությունը Թուրքիայի կամ ցանկացած այլ երկրի ներսում կազդի ռազմական եւ անվտանգության ցանցերի վրա: Մենք պատրաստվում ենք ապահովել եւ պաշտպանել ամերիկյան տվյալները»:

Հեռահաղորդակցական ընկերությունների մասին Պոմպեոյի նախազգուշացումը հնչեցվել է Վիսկոնսինի սենատոր Ռոն Զոնսոնի հայտարարությունից մի քանի շաբաթ անց, երբ ամերիկացի ռազմավարները պատրաստվում են Ինջիրլիք բազայից ամերիկյան զորքերի պոտենցիալ դուրսբերմանը: «Ուղին, որով գնում է Էրդողանը, լավը չէ,- ասել է Զոնսոնը:- Ճիշտն ասած, Թուրքիայում մեր ներկայությունը միանշանակ վտանգված է»: