Կլիմայի փոփոխության իրական սցենարի համաձայն, 2050 թվականից մինչեւ դարի վերջ գլոբալ միջին ջերմաստիճանը նախաարդյունաբերական մակարդակից կբարձրանա երեք աստիճանով՝ ըստ Ցելսիուսի, եթե ածխածնի արտանետումները չկրճատվեն: Նման պատկեր է նկատվել միջին պլիոցենում՝ երեք միլիոն տարի առաջ, երբ մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակը կազմում էր 400 մաս՝ միլիոնի համար, իսկ բարձր լայնություններում ծովի մակերեւույթի ջերմաստիճանը ինը աստիճանով բարձր էր Հյուսիսային եւ չորս աստիճանով՝ Հարավային կիսագնդում, հայտնում է Lenta-ն:

Մոդելավորման արդյունքները կանխատեսում են, որ այս դեպքում մերձարեւադարձային գոտում ամառային տեղումների քանակի մեջ նկատելի փոփոխություններ կլինեն՝ համեմատած նախաարդյունաբերական մակարդակների հետ (19-րդ դարի 50-ականներ): Արդյունքում Հարավային կիսագնդի արեւադարձային եւ մերձարեւադարձային գոտիները կենթարկվեն աղետալի երաշտների:

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կողմից հուլիսին հրապարակված զեկույցի համաձայն, մինչեւ 2024 թվականը գլոբալ միջին ջերմաստիճանը նախաարդյունաբերական մակարդակից կարող է ավելի քան 1,5 աստիճանով բարձրանալ շատ ավելի շուտ, քան կանխատեսում էին գիտնականները: Հաջորդ հինգ տարիների ընթացքում Երկրի տարբեր շրջաններին սպառնում են լայնածավալ ջրհեղեղներն ու երաշտները: