Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենին խնդրել է փաստաթղթերի փաթեթ տրամադրել` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունների իրական բնույթը վերլուծելու համար:

Ռոբերտ Մենենդեսը` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջատար դեմոկրատը, որպես փաստաթղթեր խնդրելու պատճառներ երեք հատուկ միջադեպ է նշում: Նախ, Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգի գնումը: Երկրորդ միջադեպը, որը սենատորը գրել է իր նամակում, Սուրբ Սոֆիայի տաճարի վերածումն է մզկիթի: Եվ վերջապես` անցյալ տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն արգելափակելու Սպիտակ տան փորձերը:

«Այս օրինակներից յուրաքանչյուրում նախագահ Թրամփի դիրքորոշումը կամ լռությունը, կարծես, կապված է նախագահ Էրդողանի հետ նրա հարաբերությունների կամ Թուրքիայում նրա անձնական շահերի հետ»:

Մենենդեսը խնդրել է Սպիտակ տանը ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի 30-ը տեղեկատվություն տրամադրել Թրամփի եւ Էրդողանի միջեւ բոլոր հեռախոսազանգերի վերաբերյալ` «հաշվի առնելով ազգային անվտանգության լուրջ շահերը»:

Սենատորը խնդրել է նշել զանգերի ամսաթիվը եւ ժամը` «անկախ նրանից` դրանք կազմակերպվել են Ազգային անվտանգության խորհրդի սովորական արձանագրությունների համաձայն, թե պլանավորված են եղել նախապես», յուրաքանչյուր զանգի թեման, այդ թվում` քննարկվել է արդյոք Halkbank-ը, եւ յուրաքանչյուր զանգը լսողների վերաբերյալ տեղեկատվությունը: