Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարներից Հովհաննես Շահինյանը մտահոգված չէ ԱԱԾ հաղորդագրությունից, հայտարարում է իր նախաձեռնությամբ է ԱԱԾ-ն քրեական գործ հարուցել։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Շահինյանը։

Հիշեցնենք՝ ըստ ԱԱԾ հաղորդագրության ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաև ավագանու անդամների հետ նախնական համաձայնությամբ, համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր, ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով, օտարել է տարբեր քաղաքացիների, որի արդյունքում համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի վնաս։

«Ինքը՝ հաղորդագրությունը իրենից արդեն ներկայացնում է ոչ ճշգրիտ հաղորդագրություն, այդտեղ արդեն ԱԱԾ-ն խախտում է արել ինձ հետ կապված, քանի որ ես երբեւէ չեմ եղել նշանակված վարչական շրջանի ղեկավար, ես եղել եմ ընտրված համայնքի ղեկավար։ Իրենք պետք է խոսեն համայնքի ղեկավարի մասին, ոչ թե վարչական շրջանի, որին նշանակում է քաղաքապետը, իսկ լիազորությունների առումով համայնքի ղեկավարի և վարչական շրջանի ղեկավարի միջեւ շատ մեծ է։ Խոսքը լիազորությունների, գործառույթների մասին է»,- ասաց Շահինյանը, հավելելով, որ ԱԱԾ-ն նախ և առաջ պետք է ուսումնասիրեր ՏԻՄ օրենքը։ Մարդիկ, ովքեր այս հաղորդագրությունը կազմել են՝ պրոֆեսիոնալ մոտեցում չեն ցուցաբերել, դրա համար, որ Արգիշտիկի (նկատի ունի ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին) պապային որ տեսնեմ անպայման բողոքելու եմ իրենից, որ չի կարելի նման մակարդակի ինչ-որ գործեր կարել և հաղորդագրություն կազմել։ Թող ուշադիր նայի համակարգին»,- ասաց Շահինյանը։

Վերջինս հայտարարեց, որ տասը օր առաջ իրեն հրավիրել են ԱԱԾ, որտեղ առաջարկել են կարճել գործը՝ վաղեմության համար, բայց ինքը պահանջել է, որ ոչ թե կարճեն, այլ՝ քրեական գործ հարուցեն։ «Սա իմ պահանջն են իրենք իրականացրել։ Թող ուսումնասիրեն ավագանին ինչ լիազորություն ունի, համայնքի ղեկավարն ինչ, թող ուսումնասիրեն, եթե իրենց խելքն էդքան չի հասնում, թող դիմեն՝ մասնագետների, ովքեր կարող են խորը ուսումնասիրություն անեն»,- ասաց Արաբկիրի նախկին թաղապետը։ Շահինյանը ամեն դեպքում հարուցված քրեական գործը անլուրջ է որակում, և հայտարարում է, որ մտահոգվելու առիթներ չունի։ Նա ասաց, որ թող պարզեն իրականությունը և ովքեր մեղավոր են՝ պատժվեն։

Հովհաննես Շահինյանը այս պահին Մոսկվայում է։ Նրանից հետաքրքրվեցինք վերադառնալու է՞, որին ի պատասխան ասաց, թե հենց այս պահին էլ գնում է տոմս գնի և վերադառնա, որ իր բացակայությունը չդիտարկեն նախաքննությունից թաքնվելու փորձ։
Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն 2006-ին նախկին թաղապետը համոզել է ավագանու անդամներին թույլ տալ օտարել Մամիկոնյանց փողոցի 3-րդ շենքի 79 քառակուսի մետր մակերեսով բնակարանը՝ մեկնարկային գին սահմանելով 3,5 միլիոն դրամը, այնինչ կադաստրային արժեքը եղել է մոտ 5,5 միլիոն դրամ։ Այնուհետև կազմակերպվել է կեղծ աճուրդ, որին աճուրդի հաղթողը չի մասնակցել։

Մեկ այլ որոշմամբ օտարվել է Թբիլիսյան խճուղում գտնվող ու 16 687 քմ մակերեսով տարածքը։ Օտարման համար, ըստ ԱԱԾ-ի, կազմվել են կեղծ արձանագրություններ, շուկայական արժեքը ևս էականորեն ցածր է նշվել։ Այս տարածքն օտարվել է Արաբկիրի թաղապետարանի աշխատակցի հորը, որը հետագայում այդ գույքն առանձնացրել է երկու միավորի ու վաճառել՝ մեկը 91,8 միլիոն դրամով, մյուսը՝ 340 միլիոն դրամով։

Irakanum.am