Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ այսօր հայտարարություն է արել:

«Այսօր մենք միանում ենք Կանադայի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքներին, որպեսզի նշենք Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձը:

Կանադան առաջին արեւմտյան երկրներից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը՝ 1992 թվականին հաստատելով դիվանագիտական հարաբերություններ: Այդ ժամանակից ի վեր մեր երկու երկրների հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների եւ ամուր միջանձնային կապերի վրա, միայն ամրապնդվել են: Ավելի քան 60 000 հայկական ծագմամբ կանադացիներ ամեն օր իրենց կարեւոր ներդրումն են ունենում մեր երկրի կյանքում:

Հայաստանն ու Կանադան սերտորեն համագործակցում են միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: 2018-ին ինձ հաջողվեց այցելել Հայաստան եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդման հետագա ուղիները: Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են գենդերային հավասարությունը եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումն ու հզորացումը, առեւտուրը եւ ներդրումները, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությունը՝ ի շահ մեր երկու երկրներում ապրող մարդկանց:

Կանադայի կառավարության անունից ես եւ Սոֆին բոլորին մաղթում ենք երջանիկ Անկախության օր»,- ասվում է հայտարարության մեջ: