Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը՝ լրացավ անկախության հռչակման 29-ամյակը։1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը, պետական, հասարակական-քաղաքական գործիչներ:

ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ծաղկեպսակ են դրել և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ․Երկրի բարձրաստիճան ղեկավարությունը Եռաբլուրում հետեւել է օդուժի տոնական թռիքին։

Անկախությունը մարդու հոգուց է սկսում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ։ Լրագրողները հարցեր են տվել բանակցային գործընթացի, Ալիեւի ու Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին: Անհոգ եղեք, մենք ուժեղ ենք եւ միայն հաղթանակներ ենք տանելու, հայտարարել է Դավիթ Տոնոյանը, ժողովրդին մաղթելով ուժ ու տոկունություն, բոլոր այն դժվարություններին, որոնք կանխատեսվում են:

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Մատենադարանում էլ հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի թռիչքաձև զարգացման համահայկական օրակարգը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մինչև 2050 թվականը ՀՀ բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի: Վարչապետի խոսքով՝ երկրում աղքատությունը պետք է հաղթահարվի աշխատանքով, ու պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր:

Տոնական օրվա միջոցառումներն այսքանով չեն ավարտվել։ ՀՀ ԶՈւ պատվոպահակային վաշտը դեֆիլե է իրականացնում Խոր Վիրապում։

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրումներ Հայաստանի նախագահից ու վարչապետից։ Շնորհավոր տոնդ ազատ ու անկախ Հայաստան։