Ում որ վերաբերում էր, ինքը դա տեսել է, հասկացել է, զգացել է: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսպես պատասխանեց NEWS.am-ի լրագրողի այն հարցին, թե ում էր ուղղված նրա ֆեյսբուքյան աղմկահարույց գրառումը:

Մեր լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք այդ գրառումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, Գագիկ Ծառուկյանը չմեկնաբանեց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Դրանից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»: