Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հիմա Մեծ Բրիտանիայում դիտվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը՝ այն անխուսափելի անվանելով, հայտնում է Independent-ը։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ չի ցանկանում մտցնել երկրորդ պետական կարանտին, սակայն նախարարները «ամեն ինչ քննարկում» են։

«Ակնհայտ է, որ մենք անչափ ուշադիր ենք հետեւում համավարակի տարածմանը՝ վերջին մի քանի օրերին դրա զարգացմանը զուգահեռ, եւ ոչ մի կասկած չկա, ինչպես ես ասում եմ արդեն մի քանի շաբաթ շարունակ, որ մենք կարող ենք սպասել, հիմա արդեն տեսնում ենք առաջիկա երկրորդ ալիքը»,- ասել է երկրի վարչապետը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք է դիտվում Ֆրանսիայում, Իսպանիայում, ամբողջ Եվրոպայում, եւ այն անխուսափելի է նաեւ Մեծ Բրիտանիայի համար։

Բորիս Ջոնսոնի խոսքով՝ երկրորդ կարանտինը վերջին բանն է, որ կցանկանար անել։ Ընդ որում՝ նա հրաժարվել է լրացուցիչ սահմանափակող միջոցառումներ սահմանել՝ բացի սոցիալական հեռավորության պահպանումից, ներառյալ, այսպես կոչված, «վեցի կանոնը», որը նախատեսում է հավաքներին եւ միջոցառումներին 6-ից ոչ ավելի մարդու մասնակցություն։

«Ես ամենեւին չեմ ցանկանում սահմանել ավելի խոշոր կարանտինային միջոցառումներ, մենք ցանկանում ենք դպրոցները բացված թողնել, հրաշալի է, որ դպրոցները դարձել են այնպիսին, ինչպիսին եղել են»,- նշել է նա։

Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ իշխանությունները ցանկանում են նաեւ, որ տնտեսությունը շարունակի գործել՝ միաժամանակ նշելով, որ դա հնարավոր է բնակիչների կողմից համապատասխան հրահանգներին հետեւելու դեպքում։

Վերջին տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 322 նոր դեպք։ Սա մայիսի 1-ից ի վեր վարակման ամենաբարձր օրական ցուցանիշն է։ Երկրում վերջին 28 օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 27 պացիենտ։