Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում մեկնարկել են Հայաստանում այս պահին ամենամեծ՝ ընդհանուր 20 մեգավատ հզորությամբ արեւային կայանների կառուցման աշխատանքները։ Արեւի էներգիայի միջոցով էլեկտրական էներգիա արտադրելու գաղափարը պատկանում է 4 ընկերոջ, որոնք մրցութային կարգով գործունեություն ծավալելու 20 տարվա լիցենզիա են ստացել։

«Մտածում էինք, թե գլոբալ տաքացման ֆոնին ինչպիսի բիզնես նախագծել, որ էկո լինի եւ, միանշանակ, որպես բիզնես եկամուտ բերի։ Չնայած նրան, որ Հայաստանում կան պայմաններ քամուց արտադրվող էներգիայի համար, սակայն դեռեւս առաջնային է արեւային էներգիան։ Եվ երբ իմացանք, որ պետությունը թողարկում է լիցենզիաներ, ընկերներով որոշեցինք մասնակցել մրցույթին եւ կարողացանք ձեռք բերել 4 հինգ մեգավատանոց կայաններ կառուցելու թույլտվություն։ Բոլոր երկրներում արեւային՝ վերականգնվող էներգիան խրախուսվում է եւ այն  հանդիսանում է վերականգնվող էներգիայի մեծ մասնաբաժինը»,- աշխատանքների մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ներդրող, «ԱՅ Սոլար» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ, ըստ պայմանագրի, արտադրված էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտը պետությանը կվաճառվի 24,2կվ/ժամ դրամով։