Հարավային Կալիֆոռնիայում 4.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել ուրբաթ երեկոյան: Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալները, ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 23:39-ին (երևանյան՝ շաբաթ 10:39) Լոս Անջելեսից 16 կմ հեռավորությամբ:

Հաղորդվում է, որ երկրաշարժի ժամանակ կառույցներ են ցնցվել և պատուհաններ են կոտրվել Սան Դիեոգոյում, Սան Ֆերնանդոյում ևՎալենսիայում: Լուրջ ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Լոս Անջելեսի հրշեջ վարչությունից բնակիչներին նախազգուշացրել են պատրաստվել հետցնցումների:

«Եթե ներսում լինեք, երբ ցնցումներն սկսվեն, ծածկի տակ մտեք և սպասեք: Պաշտպանեք ձեր գլուխն ու պարանոցը՝ պատսպարվելով  ամուր կահույքի տակ կամ պատի կողքին, պատուհաններից և միջանցքներից հեռու, մինչև ցնցումներն ավարտվեն»,- ասվում է վարչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում: