Այո՛, մադրիդյան փաստաթուղթը միակ միջազգային փաստաթուղթն է, որը հստակ արձանագրում է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։ Այս մասին երկրորդ նախագահի պաշտոնական յություբյան ալիքում  տեղադրված՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով փորձագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այո՛, մադրիդյան փաստաթուղթը միակ միջազգային փաստաթուղթն է, որը հստակ արձանագրում է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։ Միակն է։ Ինչով էր դա մեզ համար չափազանց կարեւոր, որովհետեւ դա այն սկզբունքն է, որի վրա հիմնված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության գոյությունը։ Հիմքն է դա, ֆունդամենտը, դրա վրա է կառուցվել այդ պետությունը։ Ընդհանրապես ես այսօր չեմ հասկանում, թե Հայաստանի իշխանությունները ինչի համար են, ոնց որ կորոնավիրուսից, վախենում ինքնորոշում բառից։ Դրա վրա է կառուցվել Ղարաբաղի անկախության հռչակագիրը, որը ամբողջությամբ արտացոլում է այդ իրավունքը։ Եվ ինչի համար է դա եւս կարեւոր, որովհետեւ իրավական հիմքերը Ղարաբաղի անկախացման, անկախության, անխոցելի են։ Անխոցելի են, որովհետեւ այն ժամանակ գործող օրենքի վրա է հիմնված։

Բանակցային գործընթացում, երբ մտնում էր փակուղի բանակցային գործընթացը, ես միշտ առաջարկում էի եւ՛ Ադրբեջանի, եւ՛ համանախագահների ներկայությամբ․ «Եկեք հարցը նայենք իրավական հարթության մեջ, փորձենք իրավական հարթության մեջ։ Մենք պատրաստ ենք ամբողջությամբ մտնել իրավական հարթության մեջ։ Մեզ ցույց տվեք, որ մեր մի քայլը կամ այս երկրի ստեղծման իրավական հիմքերը թույլ են, խարխուլ են»։ Չէին ուզում, միշտ պատասխանը գիտե՞ք ինչ էր․ «Վերջը քաղաքական հարթության մեջ պետք է լուծվի»։

Չէին ուզում, որովհետեւ բանակցությունների թեման էր վերանում, էլ ի՞նչ բանակցել։ Ուղղակի պետք է գնահատել՝ քո անկախության հռչակումը օրինական էր, թե ապօրինի։ Դա պետք էր ուղղակի գնալ դատարան, այլ կարգի միջնորդներ պետք է լինեին, ոչ թե դիվանագետներ, այլ ավելի շատ իրավունքի դիվանագետներ, որ պետք է գնահատեն։ Կատեգորիկ չէին ուզում, եւ Ադրբեջանն առաջինը չէր ուզում իրավական հարթության մեջ տեղափոխել։ Դա մեր ամենից ուժեղ դիրքն է։ Անել որեւէ քայլ, որը այդ դիրքը կարող է թուլացնել, դա այդ նույն կարմիր գիծն է։ Այն նույն այբուբենը, թե ինչ չի կարելի անել։ Եվ հենց այն, որ այսօր Ղարաբաղում ասում են․ «Մեզ համար անվտանգությունն է կարեւոր»։

Քո հռչակագիրն անկախության անվտանգության մասին չի, քո պետության ստեղծման իրավական հիմքերի մասին է։ Դու ոնց որ էդ շենքում նստած, ֆունդամենտը դրած, դու «լոմով» քանդում ես էդ ֆունդամենտը, չի կարելի էդպիսի բան անել։ Երկարատեւ առումով դա չափազանց մեծ վնաս է հասցնելու մեր բանակցային դիրքերին։ Հիմա ամենից զգայուն թեման, չէ՞։ Տարածքների։ Սկզբից ասում էինք՝ գրավված, հետո ասում էինք՝ ազատագրված։ Ազատագրվածը շատ ավելի հաճելի է, իհարկե»,– ասել է նա։