Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝ գլխավորապես առցանց՝ «Ժառանգություն եւ կրթություն․ ցկյանս ուսումնառություն» խորագրով: Հայաստանում եւ Արցախում այս օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություն «այցելուներին կհյուրընկալեն» գլխավորապես առցանց ձեւաչափով, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, հեծանվային արշավ եւ այլն:

Կապված նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետ՝ միջոցառումների կազմակերպման գործընթացում հատկապես կարեւորվել է խորագրին համահունչ կրթական ծրագրերի առցանց կազմակերպումը, ինչպես նաեւ երիտասարդության ներգրավվածությունը:

Ամբողջական ծրագիրն ու ժամանակացույցը ներբեռնելու համար խնդրում ենք սեղմել այստեղ:

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաեւ Եվրամիությունը, եւ նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70,000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության եւ բազմազանության, շարունակական պահպանության կարեւորությունը: