Երեկ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ աշխատակազմը՝ բժիշկները, բուժքույրերը, հոգեբանները, մանկավարժները, մայրապետները, բոլորն ամբողջությամբ ազատման դիմում են ներկայացրել հոկտեմբերի մեկից և հոկտեմբերի մեկից աշխատանքի դուրս չեն գալու և դեռևս պետական արձագանք չկա այս ամենին և հույս ունեմ այդ լռությունը երկար չի տևի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը:

Նա պարզաբանեց, որ հեղափոխությունից հետո բժիշկ Սամվել Դանիելյանը հրավիրվեց   ղեկավարելու արյունաբերական կենտրոնը, ով ստիպված էր նախորդ ռեժիմի ժամանակ որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: «Նրա նշանակումը թույլ տվեց միավորել ամբողջ ոլորտը և ահռելի արդյունքներ գրանցվեցին: Նախարարությունը, առանց որևէ բան ասելու, ծանուցում է ուղարկում, որ նրա աշխատանքային պայմանագիրը լուծվում է»,-ասաց նա և նշեց, որ դա հասկանալի է այնքանով, որ իրենց մոտիվները որևէ աղերս չունեն պետության, հասարակության բարօրության հետ:

Ինչ վերաբերում է նախարարության պարզաբանմանը,  որ լրանում է Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, և տարիքից ելնելով չի կարող մասնակցել մրցույթի, Գևորգ Թամամյանն ասաց, որ իրենց կենտրոնը ՓԲԸ է և ՊՈԱԿ-ների մասին օրենքը նրանց վրա չի տարածվում, այսինքն՝ օրենքի նման պահանջ չկա: «Նախարարությունը վերջին տարում փորձում էր իմիջ ստեղծել, որ Սամվել Դանիելյանը հայտնի, ընտիր բժիշկ է, բայց լավ մենեջեր չէ, իսկ դրա պատասխանը թվերն են, որ բոլոր ուղղություններով աճը թաքցնել հնարավոր չէ»,-ասաց նա և նշեց, որ շատ լավ գիտեն նախարարության մենեջերներին:

«Նախարարությանն անհրաժեշտ չեն մարդիկ, ովքեր ունեն անձնական կարծիք, հեղինակություն, ունեն իրենց տեսլականը և գլուխները կախ չեն ծափահարելու իրենց»,-ասաց նա։

Գևորգ Թամամյանը նաև տեղեկացրեց, որ բուժվող երեխաների ծնողները երեկ Կառավարություն էին գնացել՝ իրենց բողոքն արտահայտելու, և չնայած դրան կոչ արեց ծնողներին զբաղվել երեխաներով և փորձել զերծ մնալ այս ամենից:

«Այսօր ևս կշարունակվի այս ամենը և Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի աշխատակիցներին կմիանան նոր բժիշկներ, այսօր ես արդեն գիտեմ որ մեծահասակների ուռուցքաբանները, կմիանան մեծահասակների արյունաբաններն էլ: Երևի, պետությունը դրսից մասնագետներ կբերի, հուսով եմ, որ պետությունն ունի այդ որոշումը»,-ասաց երկու շաբաթում թող պետությունը մտածի որտեղից է աշխատակազմը գտնելու:

Նա նշեց, որ իրենք հեղափոխությամբ ոգևորվածներն էին և շարունակում են լինել, սակայն չի նշանակում, որ ներկայումս ապօրինություններ կատարողները պետք է անպատիժ մնան: «Դուք դեռ սաբոտաժը չեք տեսել ինչ է, մտածեք, որ հոկտեմբերի 1-ից այլևս Հայաստանը չի ունենա այս մասնագետներին: Սա շարունակվելու է, սա դեռ սկիզբն է»,- ասաց նա և նշեց, որ տարբեր կենտրոններից բժիշկներ էին զանգահարում հայտնելով իրենց աջակցություն: