«Եկել է ժամանակը փակելու խնամի-ծանոթ-բարեկամ, խմբապետական ՀՀ էջն ու բացելու քաղաքացիական Հայաստանի էջը»: Սա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է։ Իհարկե խոսքը՝ ընդդիմադիր Փաշինյանի մասին է, իսկ կոնկրետ խոսքն ասվել է 2017 թվականի հունվարի 21-ին։ Այս հայտարարությունից մեկ տարի անց՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետ։ Այն, որ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարությունների, տրված խոստումների մեծ մասը չի կատարվել, հասարակությունը մեկ անգամ չէ, որ համոզվել է։ Թերևս արագաչափերը հանելու, կարմիր գծերը հանելու, ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու մասին նախկինում արված հայտարարություններն ու արդեն որպես իշխանություն նույն հարցին այլ տրամագծով նայելը վերը ասվածի վկայությունն է։

Հիմա այն մասին, թե ովքեր են գործող իշխանությունում իրար ծանոթ, կամ բարեկամ, ինչու՞ անգամ այս տարրական խոստումը չկատարվեց։

Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։ Պատգամավոր է դարձել նաեւ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը։  Օրինակ այս հանգամանքն անգամ հաշվի չառնելով Փաշինյանը 2019 թվականին հայտարարում է․ «Մենք պայքարում ենք, որ ամեն իշխանություն չգա և իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ։ Այս խոստումը կատարվել է, թե չի կատարվել, լիարժեք կատարվել է»։

Բացի բարեկամներին գործով ապահովելով Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում տեղ է բացել նաեւ ընկերների համար։ Մասնավորապես ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը վարչապետի մանկության ընկերն է։ Մյուս ընկերոջը՝ Հայկ Ղալումյանին նշանակել էր հայրենի Իջեւան համայնքի ժամանակավոր պաշտոնակատար։ Ընկերներից՝ Վահե Ղալումյանին էլ, ով նաեւ Փաշինյանի ընտանիքի քավորն է դարձրել է պատգամավոր։
Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին՝ Մանե Ղազումյանը նշանակվել է Տավուշի մարզի Կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ։

Իսկ ահա Զարեհ Սարգսյանի որդիները՝ Հայկ և Նաիրի Սարգսյանները Փաշինյանի օգնությամբ տեղավորվել են՝ համապատասխանաբար օրենսդիրում և գործադիրում աշխատանքի։ Զարեհ Սարգսյանը ևս Նիկոլ Փաշինյանի մտերիմներից է։ Հայկ Սարգսյանը ԱԺ պատգամավոր է, եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի օգնականը։
Փաշինյանի մտերիմներից Հայկակ Արշամյանը ևս անգործ չի մնացել։ Նա Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր  տնօրենն է։

Նիկոլ Փաշինյանը ԱԺ է գործուղել նաեւ «Հայկական ժամանակում» իր հետ երկար տարիներ աշխատած մտերիմներին։ Այսպես Հայկ Գևորգյան, Վահագն Հովակիմյան։ ՀԺ-ի աշխատակից Լուսինե Բարսեղյանն էլ նշանակվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ռեֆերենտ, իսկ ամուսինը՝ Վահագն Թեւոսյանը իշխանական ցուցակով պատգամավոր է։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի բարեկամներից Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն է։ Յուղոտ պաշտոնի է նաեւ Մաշադյանի տղան՝ Հարություն Մաշադյանը։
Խնամի- ծանոթ- բարեկամ սկզբունքով է առաջնորդվում նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա ևս իր մտերիմներին գործի է տեղավորել։ Նշենք, որ յուրայիններին պետական կառավարման համակարգ մտցնելու գործում մեծ վարպետ են նաեւ որոշ նախարարներ ու մարզպետներ։
Այս ամենին առավել հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում։

Ի դեպ 2020թ․ ապրիլի 6-ի ուղիղ եթերում. Փաշինյանը, պատասխանելով քաղաքացու «պետական կառավարման ապարատը լցված է նախկիններով, իսկ նորերը սանիկ-բարեկամ սկզբունքով են ընդունվում, չե՞ք կարծում, որ նմանվում եք նախկիններին» հարցին, ասել է․ «Ո՛չ, չեմ կարծում անկեղծ ասած, որ նախկիններին նմանվում եմ, որովհետև եթե ես նախկիններին նմանվեմ, զգամ, որ նմանվում եմ, կամ իրականում նման եմ, նույն պահին կհեռանամ էս կաբինետից, որովհետև դա ինձ համար կլինի բարոյական վերջ և ավարտ, որը ես թույլ չեմ տա»։

Իսկ ահա ««Մեծ հիասթափության» մոդելավորումը» վերտառությամբ ուղիղ եթերի ընթացքում էլ հայտարարել հետեւյալը՝ «Արդյունավետ է այն իշխանությունը, որը առաջին հերթին կարողանում է սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին: Եվ ես կարծում եմ, որ այս առումով մենք նույնպես գործել ենք բավական արդյունավետ»։

Թե արդյո՞ք այս նշանակումներով հանդերձ իշխանությունը գործել է բավական արդյունավետ, հետեւությունները թողնում ենք ընթերցողների դատին, թերևս նշելով միայն այն, որ «նոր Հայաստանում» «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը նոր թափ է ստացել։

Շարունակելի․․․

Irakanum.am