«2013 թվականին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով Երկրապահի օրվա առթիվ պարգևատրվել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, բայց հանրությունն այդպես էլ հանգամանորեն չի տեղեկացվել, թե այդ ո՞ր սխրագործության համար»: Նման հարցադրում է առաջ քաշել Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը՝ հիշեցնելով շաբաթներ առաջ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած միտքը՝ հուլիսյան մարտական գործողությունների մասնակիցների պարգևատրմանը, թե «ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում՝ նաև ես, ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես ո՞ր սխրագործության համար են բոլոր 71 հոգին պարգևատրվել, կամ դեռ պետք է պարգևատրվեն «Մարտական խաչ» շքանշանով»։

168.am-ը փորձեց Արցախյան ազատամարտի մասնակից, պահեստազորի գնդապետ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը եղած Վոլոդյա Հովհաննիսյանից պարզել՝ ինքը գոնե հանգամանորեն տեղյա՞կ է՝ ինչի՞ համար է պարգևատրվել Սուրիկ Խաչատրյանը:

Հովհաննիսյանն ասաց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ ծանոթ է 1991-1992 թվականներից, և սկսեց հիշել նախկին ղեկավարի անցած մարտական ուղին:

«1993-ի դեկտեմբերին, երբ Հորադիսի հատվածում Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց, այդ հարձակման ուղղությունում հայտնվեցին Կապանի և Գորիսի բրիգադները: Այն ժամանակ ես Գորիսի բրիգադի զորային հետախուզության պետն էի: Անկեղծ ասած, ադրբեջանցիները որոշակի հաջողության հասան և 10-15 կմ առաջ շարժվեցին, և զոհեր ունեցանք Կապանի ու Գորիսի բրիգադներից: Եվ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Ֆիզուլու մոտ, և նախարար Սերժ Սարգսյանը Սուրիկ Խաչատրյանին հանձնարարեց ապահովել բրիգադներն ամեն ինչով, պատասխանատու լինել այդ բրիգադների մարտական գործողությունների համար անհրաժեշտ բոլոր ապահովումների համար: Ընդ որում, Գորիսի գումարտակները կռվում էին, և Գորիսի երկրապահը հենց Սուրիկ Խաչատրյանի հրամանատարությամբ էր կռվում: Ո՞նց կարող է Ֆիզուլիի փառավոր կռիվներին հրամանատարած և պաշտպանության նախարարի անմիջական հրամանները կատարած մարդն անարժան լինի «Մարտական խաչ» շքանշանին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։