ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարած պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ ուղիղ եթերի ձևաչափով հանդիպում չի նախատեսում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

«Նախարարը նման ձևաչափով հանդիպում չի նախատեսում»,- ասացին նախարարությունից:

Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 17-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ որոշել է հրավիրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակի մանդատը վայր դնելու հարցը և այն չվերածվի քաղաքական շոուի: «Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։ Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։ Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․ Ես չէի ուզում, նա ստիպեց: Կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»,-նշել է Ջուլֆալակյանը: