Հայաստանում 2018-ի հայտնի իրադարձություններից հետո (իսկ այդ իրադարձություններն այլևս հեղափոխություն անվանելը ծիծաղելի է) հայ հասարակությունը քաղաքական բանավեճերի ականատես չի լինում։ Իշխանությունն արագորեն գլորվում է անդունդը և երբեմն տպավորություն է ստեղծվում, որ միտումնավոր է անում, դիտավորյալ մսխում հեղափոխական արժեքներն այդ կերպ ավելի խորը հիասթափություն առաջացնելով։ Այն, որ գործող իշխանությունը երկուսուկես տարի առաջ ուներ հասարակության լայն զանգվածի վստահությունն անվիճելի է, բայց անվիճելի է նաեւ այն փաստը, որ անցնող երկու տարվա ընթացքում նույնքան արագությամբ էլ մարեց այդ վստահության ալիքը։ Որքան էլ անտրամաբանական հնչի, իշխանությունն է մեղավոր սեփական վարկանիշի կտրուկ անկման համար։

Հայաստանի իշխանությունը՝ վերին էշելոնից մինչև մանր ու միջին տրամաչափի չինովնիկներ մնացին թերթի խմբագրի ու շարքային ակտիվիստի մակարդակում։ Իշխանությունը պետք է գիտակցեր, որ իրավիճակի փոփոխությունը միայն հագուստի և թանկարժեք մեքենաներ ձեռք բերելու մեջ չէ, կամ Ձորաղբյուրում՝ առանձնատուն (այս հնարավորությունը ունեին նաեւ Սերժի ժամանակ), այլ բովանդակային փոփոխության։ Հասարակությունը նրանցից հենց դա էր պահանջում։ Փոխարենը, սակայն,հասարակությունն ականատես է լինում «պլենդուզի» մակարդակի խոսակցությունների, իրերին ու երևույթներին խռոված երեխայի մակարդակի պատասխանի։

Հայաստանը խորհրդարանական երկիր է, որտեղ քաղաքական հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական մակարդակով՝ երկրի թիվ մեկ քաղաքական մարմնում։ Ազգային Ժողովը սակայն վաղուց վերածվել է «բազառի», որը «Իմ քայլը» դիտարկում է որպես փող, շատ փող աշխատելու, ձեռի հետ էլ պարգևավճար ստանալու վայր։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կրկնեց նախկինների սխալը, բայց ավելի կոպիտ ձևով։

Նախկինները փողոցի միջոցով հեռացան։ Ժամանակն է այս իշխանությունը ևս հեռանա։ Կհնչի արդյո՞ք այս պահանջն ավելի առարկայական, ավելի գործուն, ցույց կտա ժամանակը:

Irakanum.am