Այսօր` սեպտեմբերի 17-ին, Ազգային ժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՊԵկ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ լուծում է տրվելու հագուստ և կոշիկ ներկրող տնտեսվարողների դժգոհությանը: Հովհաննիսյանն ի պատասխան նշեց, որ ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգի անցումը:

ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ, որը նշեց` տնտեսվարողներն ունեցել են բավարար ժամանակ իրենց գործողությունները համակարգելու համար. «Կան ոլորտներ, որտեղ ԱԺ-ն է իրավասու որոշումներ կայացնելու, կան ուղղություններ, որտեղ` կառավարությունը կամ առանձին գերատեսչությունները։ Հիմա այս առանձին դաշտը ՊԵԿ-ի տիրույթում է, որտեղ, բնականաբար, հաշվել են և՛ պլյուսները, և՛ մինուսները, և՛ ռիսկերը, և՛ հնարավորությունները: Հետևաբար իրենք պետք է որոշեն դրա անհրաժեշտությունն այս պահին կա, թե ոչ»,- նշեց Թունյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք հնարավոր չէ տնտեսվարողներին միջանկյալ ժամանակ տալ` հանձնաժողովի նախագահը  պատասխանեց. «Ըստ էության, ՊԵԿ-ը եկել է այն եզրակացության, որ մի քանի անգամ հետաձգելը այլևս իմաստ չունի, որովհետև նորից հետաձգումը կարող է հանգեցնել այլ խնդիրների: Մնում է հասկանալ, որ եթե կան հստակ դժգոհություններ, օրինակ` հսկիչ գների հետ կապված, տնտեսվարողները կարող են ներկայացնել իրենց դիտողությունները, դրանք կքննարկվեն և դրանց միջև ճշգրտումներ կկատարվեն: Մենք նույնպես պատրաստ ենք հանդիպելու այդ ոլորտի տնտեսվարողների հետ»,- ընդգծեց նա:

Ըստ մեր զրուցակցի` նորմալ է, որ հասարակությունն այս կերպ արձագանքեց կատարվելիք փոփոխությանը. «Եթե քայլերը ճիշտ են և դրանց անհրաժեշտությունը կա, կարծում եմ, որ միշտ ցանկացած թևից դժգոհություններ լինելու են, ուստի կարևոր է համոզված լինել, որ այն, ինչը կատարվում է, արդարացված է և հիմնավորված: Այսպիսի դեպքերում, եթե նայենք դժգոհություններ լինելուն կամ չլինելուն, ապա ընդհանրապես որևէ բան չպետք է անենք: Այս պատճառով էլ շատ նորմալ է, որ մարդիկ դժգոհում են, շատ նորմալ է, որ կա բանավեճ, որոշ դեպքերում կողմերից մեկի ցանկություններն ավելի շատ են բավարարվում, մյուսինը` ոչ այդքան: Բայց միայն դժգոհություններ չառաջացնելու համար այս կամ այն քայլերը չանելը մեզ որևէ փոփոխության չի բերի»,- եզրափակեց պատգամավորը: