Հայաստանում բուքմեյքերական գրասենյակները կգտնվեն կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից որոշակի հեռավորության վրա։ Կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում ընդունեց Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին նախագիծը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում,  ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: «Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով»,— ասաց նախարարը: