Միացյալ Նահանգներում նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության պատճառով օրական մահացությունն աճում է։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա։

Մասնագետների հաշվարկներով՝ ԱՄՆ տարածքում անցած օրվա ընթացքում մահացել է 1 293 մարդ։ CNN-ն նշում է, որ սա օգոստոսի 19-ից ի վեր օրական մահացության ամենաբարձր ցուցանիշն է։

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով միջին օրական հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է 5 տոկոսով եւ կազմում է 38 037 դեպք։

Ջոն Հոփքինսի համալսարանի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 6,62 մլն դեպք, մահացել է 196,4 հազարից ավելի մարդ։