ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը անդրադարձավ ՍԴ անդամների ընտրությանը։ Նա նշեց, որ հանրության մոտ հարց է առաջացել, թե ինչ սկզբունքներով էր կառավարությունն ընտրել Էդգար Շաթիրյանին, արդյոք մրցույթ եղել է։

«Գիտեք, երբ ասում ենք հանրության մոտ հարցեր են առաջացել, պետք է ճշտենք հանրության ներկայացուցիչների հասցեն, հեռախոսահամարները, որպեսզի հասկանանք` իրենք ում են ներկայացնում։ Երեկ մենք դպրոցներ այցելեցինք և ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ առաջին օրը դպրոցներում հաճախելիությունը 97 տոկոս է, այսօր էլ է 97 տոկոս։ Մինչդեռ երկուշաբթի առավոտ, մարդիկ կային, որ պնդում էին, որ հանրությունը բոյկոտում է դպրոցները։ ՍԴ դատավորների ընտրության պրոցեսում կային մարդիկ և շրջանակներ, որոնք անընդհատ ուզում են խոսել հեղափոխության արժեքների մասին։ Այնպիսի տպավորություն էր, որ հեղափոխության ժամանակ հեղափոխությունը կառավարած թիմը ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին և մարդիկ, ովքեր հեղափոխության մասին իմացել են 2018-ի մայիսի 8-ից մի շաբաթ հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպանը։ Եվ ես կարծում եմ, որ այն ինչ տեղի է ունեցել ԱԺ-ում շատ կարևոր է, և ՍԴ-ի ճգնաժամը վերջացել է, փակվել է»,-պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։