Լարված իրավիճակ է Երևան-Երասխ ավտոճանապարհին։ Գյուղացիները փակել են ճանապարհը, բողոքում են խաղողի մթերման գնից։

Արարատի մարզի Շահումյան և հարակից գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը, պահանջում են իրենց խնդրին լուծում տալ։

«Անցած տարի 150 դրամով են մթերել, այս տարի մթերում են 100 դրամով։ 100 դրամ ինքնարժեքն է։ Ինչո՞վ պահենք մեր երեխաներին։ Վարչապե՞տն է բերելու, պահելու մեր ընտանիքներին։ Մեր վարչապետը ոչ մի բան չի անում մեր համար։ Ասում են շատ է, չենք կարող մթերել», — ասաց գյուղացիներից մեկը։

Գյուղացիներն ասում են, որ վարկ են վերցրել, մշակել, հիմա կանգնել են փաստի առաջ, քանի որ գործարանները հրաժարվում են մթերել խաղողը։

«Իրենց բիզնեսն է, ոնց ուզում, էշի տեղ են դնում ժողովրդին։ Կառավարությունն այնքան անտեղյակ է հանրապետությունում իրականացվող աշխատանքներից, որ չի կարողանում կազմակերպել այս ամենը։ Իրենք շատ լավ գիտեին, որ այս տարի լավ բերք է սպասվում և դոտացիա տվեցինք գործարաններին, որ աճեցրած բերքն ընդունեն, բայց իրենք նույնիսկ ինֆորմացիա չունեն, թե մարզում քանի գործարան է ընդունելու խաղողը, քանիսը՝ չէ։ Գյուղնախարարությունը ցրել են, ամեն ինչ թողել են մարդկային հարաբերությունների վրա», — ասաց գյուղացիներից մեկը։

Հարցին, թե խնդրի վերաբերյալ խոսե՞լ են մարզպետի հետ, գյուղացին պատասխանեց.

«Մարզպետն ով ա, որ էդ հարցը լուծի։ Մի ամիս առաջ հանդիպել է հարևան գյուղի բնակիչներին, մարդկանց խաբել ա։ Էս մարզում հարց լուծող չկա»։