Սեպտեմբերի 16-ին ճանաչողական այցով Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը:

Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը նշել է, որ  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ տարիներ շարունակ առկա համագործակցությունն այսուհետ ավելի կամրապնդվի՝ պայմանավորված օրվա առիթ դարձած Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ:

Արթուր Գոյունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վստահեցնելով, որ երկու կառույցների միջև առկա համագործակցությունը կլինի շարունակական:

Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև սերտ համագործակցության համար ԱՀ ոստիկանության պետի հրամանով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ՀՀ  արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Դարբինյանը պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, իսկ ՀՀ  արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը պարգևատրվել է հուշանվերով:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանին և ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգորի Աբրահամյանին պարգևատրել է արժեքավոր նվերներով: