Ադրբեջանական Զեյամ Ջրիդահան գյուղի բնակիչները արդեն 10 օր խուճապի են մատնված․ ինչ-որ մեկը գիշերային ժամերին հրկիզում է նրանց տները եւ խորդանոցները։

Տեղի բնակիչներից մեկը haqqin.az-ին հայտնել է, որ վերջին մի քանի օրերին հրկիզումներ չեն եղել․ գյուղը ներկայումս վերահսկում է ոստիկանությունը։ Բայց գյուղացիներն իրենք էլ գիշերային ժամերին հերթապահում են, քանի որ հրկիզողներին դեռեւս չեն բռնել։

«Մեր գյուղը մեծ է, գրեթե 10 հազար մարդ է բնակվում։ Եվ հրկիզումները տեղի են ունենում տարբեր հատվածներում։ Այրվել են տներ, տնտեսական կառույցներ։ Տարբեր ենթադրություններ կան, մեկն անգամ հավատում է, որ հրկիզում են ինչ-որ հանդերձյալ ուժեր։ Ոստիկանությունը քննություն է կատարում եւ գիշերային ժամերին պարեկում տարածքում»,- ասել է տեղաբնակներից մեկը։ Նա հավաստում է, որ իրենց գյուղում առաջին անգամ է այսպիսի բան կատարվում, նույնիսկ աքսակալները ոչ մի հրկիզում չեն հիշում։ Զեյամում տեղի ունեցողով մտահոգված են նաեւ Շամխորի շրջանի գործադիր իշխանությունում։ Պաշտոնայաները պարբերաբար այցելում են գյուղ՝ փորձելով պարզել տեղի ունեցողը։