Կոնյակի գործարանները ինքնարժեքից ցածր գնով խաղող չեն գնում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել, որի անդամները հետեւում են, թե խաղող են ընդունում գինու եւ կոնյակի գործարանները, թե արդյոք հերթեր են գոյանում, եւ որքանով է ճշգրիտ քաշը:

«Հանրությունում վկայություններ են տարածված այն մասին, որ գործարաններում խաղողը գնում են կիլոգրամի դիմաց 100 դրամով: Նման բան չի կարող լինել: Գնումն իրականացվում է առնվազն 135 դրամով, սակայն հիմնականում ՝ 140-150 դրամով: Որոշ դեպքերում՝ 150- 155 դրամով»,-ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ նախարարությունը քննարկում է նոր կանոնները, որոնք կկարգավորեն ինչպես ֆերմերների, այնպես էլ գործարանների իրավունքներն ու շահերը: