ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների, առաջին հերթին ՝ Ռուսաստանի հետ կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսման խնդիրը Հայաստանը մտադիր է քննարկել ԵԱՏՄ մակարդակով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց, որ ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում այս պահին կանոնավոր ավիափոխադրումներ չկան, և այժմ ինտենսիվ բանակցություններ են ընթանում այդ հարցի լուծման ուղղությամբ: «Բաց են միայն Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանները, բայց դա բոլորովին այլ պատմություն է, և այդ գործընթացները կարգավորվում են առանձին մեխանիզմներով», – նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ հայկական կողմն այդ հարցում վերջնական հստակություն է ակնկալում հոկտեմբերի 8-ին կամ 9-ին:

Գրիգորյանը տեղեկացրել է, որ առկա է բոլոր շահագրգիռ երկրների ցանկությունը՝ արագ չեղարկել կամ առնվազն էապես թուլացնել ներկայումս առկա սահմանափակումները: Հիշեցնենք՝ մարտին ԱՀԿ-ն կորոնավիրուսի համաճարակ էր հայտարարել։ Դրանից հետո միջազգային ավիահաղորդակցությունը կտրուկ կրճատվել է, այդ թվում՝ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների միջև։