Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը, նրան անվստահություն հայտնելու հարցն ամենաբնական պահանջն է հանրության կողմից, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

«Տեսեք, թե ինչ է կատարվում հանրակրթական դպրոցներում, տեսեք, թե ինչ է կատարվում բուհերում, գիտության հետ, մշակույթի և սպորտի մասին պարզապես կարող ենք լռել։ Այս բոլոր հարցերի մասին այսօր խոսելու ենք և ներկայացնելու ենք, որ մարդը 2 տարվա ընթացքում բացի գիտական, մանկավարժական հանրույթի նկատմամբ հեգնանքից, ծաղրանքից, հրապարակային և ոչ հրապարակային նվաստացումներից ոչինչ չի արել», — ասաց Անի Սամսոնյանը։

Նա նշեց, թե այն բոլոր բարեփոխումները, որոնք պետք է իրականացվեին, չեն կատարվել։

«Մենք հակառակն ենք տեսնում, որ բուհերում քաոս է։ Երբ նա այդ պաշտոնը ստանձնեց և հայտարարեց, թե ինքն ապաքաղաքականացնելու է ուսումնական հաստատությունները, դա ևս չի աշխատել», — ասաց Անի Սամսոնյանը։