«Հյուսիսի լիգա» կուսակցությունից Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Պաոլո Գրիմոլդին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի թեկնածությունը, գրում է «Կոմերսանտ»-ը` վկայակոչելով «Մաարիվ» թերթը:

Ըստ Գրիմոլդիի` Իսրայելի վարչապետը նշանակալի ներդրում է ունեցել Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման գործում` համաձայնագրեր ստորագրելով ԱՄԷ-ի, Բահրեյնի հետ, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության մեջ մտնելով, ինչն արդեն հանգեցրել է նրան, որ թագավորությունը բացել է իր օդային տարածքն իսրայելական ինքնաթիռների համար: «Այս բոլոր նվաճումները մի քանի ամիս առաջ անհավանական էին թվում: Եվ դրա համար Նեթանյահուն արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի»,- պատգամավորի խոսքերը մեջբերում է թերթը:

Երեկ Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ Իսրայելի դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի ստորագրման արարողությունը: Բացի այդ, երեք երկրները, Միացյալ Նահանգների հետ միասին, ստորագրեցին Աբրահամյան համաձայնագիրը, որը հայտարարում է տարածաշրջանում խաղաղության խթանմանը եւ միջկրոնական երկխոսությանն ուղղված ջանքերը խրախուսելու իրենց մտադրության մասին:

Իսրայելը եւ արաբական երկրները հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնության են եկել ԱՄՆ միջնորդությամբ: Հենց դա էլ առիթ դարձավ նորվեգացի պատգամավոր, Առաջադիմության կուսակցության անդամ Քրիստիան Տյուբրինգ-Յեդեյի համար` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար: Բացի այդ, Շվեդիայի պատգամավոր Մագնուս Յակոբսոնն առաջադրել է ԱՄՆ նախագահին, ինչպես նաեւ` Սերբիայի եւ Կոսովոյի կառավարություններին` «խաղաղության հաստատման եւ տնտեսական զարգացման» ուղղությամբ համատեղ աշխատանքի համար: