ՍԴ նախագահի ընտրության հարցը ՍԴ նորընտիր դատավորների հետ չի քննարկվել: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ քիչ առաջ նրանց հետ խոսել են իրավագիտության ֆակուլտետից, դասախոսներից:

Հարցին՝ հնարավո՞ր է այդ կազմի կողմից Հրայր Թովմասյանն ընտրվի, Սիմոնյանը պատասխանեց. «Ես նման հնարավորությունը գրեթե բացառում եմ, տրամաբանական չեմ համարում»:

Լրագրողների դիտարկմանն էլ՝ գուցե դատավորները խնդիր չտեսնեն, այսպես պատասխանեց. «Չե՞ն տեսնի՝ չեն տեսնի»:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ է բացառում՝ ասաց, որ ճգնաժամ է եղել, որի հետևանքով նոր դատավորներ են ընտրվել: ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ ճգնաժամը ստեղծվել էր նաև այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը հայտնվել էր ՍԴ դատավորի պաշտոնում:

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին նաև, թե արդյոք դատավորները գիտակցում են դա: Ալեն Սիմոնյանը նկատեց, որ իր կարծիքն ասաց, ինքը կարող է սխալվել:

Անդրադառնալով ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի լուծմանը՝ նկատեց, որ այդ առումով դեռ շատ անելիք կա և ոչ միայն ՍԴ-ում, այլև՝ դատական համակարգրում: