Վրաստանի խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ Վրաստանի բնակիչների մեծ մասը (59%) դեռևս չի կողմնորոշվել, թե ում է տալու իր ձայնը: Այս մասին են վկայում օգոստոսի սկզբին Վրաստանում Կովկասյան հետազոտությունների ռեսուրսների կենտրոնի և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած հարցման տվյալները, գրում է «Грузия онлайн» պորտալը:

Հարցին՝ եթե վաղը տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, իրենք որոշել են, թե ում օգտին պետք է քվեարկել, «այո» է պատասխանել հարցվածների միայն 36%-ը, 3%-ը նշել է, որ դեռ չգիտի:

Հարցվածների մեծ մասը հրաժարվել է նշել հստակ կուսակցության անուն, որին կողմ կքվեարկի, կուսակցության անունը նշել է հարցվածների միայն 27%-ը:

Հարցվածների 17%-ը նշել է, որ քվեարկելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին, 5%-ը նշել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անունը,  40%-ը պատասխանել է «չգիտեմ», 24%-ը հրաժարվել է պատասխանել: 9%-ը հայտարարել է, որ չի աջակցում ոչ մի կուսակցության, 5%-ն այլ տարբեր կուսակցությունների անուններ է նշել:

Նրանցից, ովքեր արդեն որոշել են, թե ում են քվեարկելու, 41%-ը «Վրացական երազանքի» ընտրողներն են, 8%-ը` «Միացյալ ազգային շարժման»:

Հետազոտության հեղինակների կարծիքով ՝ ընտրությունների արդյունքները կախված կլինեն չկողմնորոշված ընտրողների որոշումից:

Հարցման համաձայն՝ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ բնակչության մեծ մասը՝ 56%-ը, համոզված է, որ խորհրդարանական ընտրություններն անցնելու են ազատ և արդար մթնոլորտում, չնայած որոշ հարցեր շարունակում են անհանգստություն առաջացնել բնակչության շրջանում:

Միևնույն ժամանակ, քաղաքացիների մեկ երրորդն ամենամեծ խնդիրը համարում է ընտրողներին կաշառելը: Դրան հաջորդում են քվեարկության ընթացակարգի խախտումները (15%) և վարչական ռեսուրսների չարաշահումը (13%):

Հարցումն անցկացվել է օգոստոսի 6-11-ը, Վրաստանի տարածքում 2045 հեռախոսազանգային հարցազրույցի միջոցով: Հարցման տվյալների սխալման միջին հավանականությունը  ±1,3% է:

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականի հոկտեմբերի 31-ին: