Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Զրույցի հիմնական թեմաներն են եղել Միջերկրական ծովի արևելյան մասում ստեղծված իրավիճակը, տեղի վիճելի տարածքների հարցն ու կիպրական խնդիրը: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային այլ հարցեր:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը մեկնաբանել է Կիպրոսի Հանրապետության իշխանությունների և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման մասին հուշագիրը` հայտարարելով, որ «այդ փոխըմբռնման հուշագիրը չի ծառայի Միջերկրական ծովի արևելքում խաղաղության ու կայունության հաստատմանը և հարված կհասցնի կիպրական խնդրի լուծմանը»:

Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է իր կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո: