«Փաստորեն ես հասկացա, որ մեր իշխանական գործընկերները հավաստի փաստեր ունեն առ այն, որ ընդդիմության անպատասխանատու քայլերի ու գործողությունների արդյունքում կորոնավիրուսը սրընթաց մետաստազի նման տարածվել է։ Հրաշալի է, սա ևս մեկ փառահեղ առիթ է, որպեսզի դուք ևս կողմ քվեարկեք այդ հանձնաժողովի կազմին, հանձնաժողովը ստեղծվի»,- ԱԺ նիստում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու հարցի քննարկման ժամանակ։

Զոհրաբյանը նշեց, որ պետք է քննարկել՝ ինչպես բողոքի ակցիաների ժամանակ վարակվածների, այնպես էլ «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների հարցը։ «Ձեզ հետ միասին կքննարկենք Հռոմի և Իտալիայի անպատասխանատու ռեյսերի, կորոնավիրուսը պինցետով և արաղով ախտահանելու հարցը։ Ձեք հետ միասին կքննարկենք լեռներում մագլցող նախարարի բազմաթիվ հայտարարությունները՝ դիմակ դրեք, դիմակ մի դրեք, վայ, հեսա եկել եմ, լրագրողներ, ձեզ կվարակեմ, խա-խա-խա։ Այդ ամենը ձեզ հետ միասին կքննարկենք։ Կքննարկենք, թե ինչպես եղավ, որ Գյումրիում մահացած տատիկի դիակը կորավ, հետո հայտնվեց Նոր Հաճնում ուրիշի գերեզմանոցում։ Կքննարկենք օրերս մի քաղաքացու հայտարարություն, որ իր հարազատի դիակը տվել են՝ ամբողջ ատամնաշարը ջարդված։ Կքննարկենք հարգարժան վարչապետի մտահոգությունը, որ որոշ դեպքերում, այո, մարդիկ մահացել են, որովհետև շտապօգնության մեքենան չի հասցրել հիվանդանոց։ Կքննարկենք, թե ինչի վրա են ծախսվել Covid հիմնադրամի գումարները, թե ինչու տնային պայմաններում բուժում ստացողները որևէ դեղորայք պետությունից չեն ստացել, երբ Covid հիմնադրամին անընդհատ մատակարարվել են գումարներ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց՝ միգուցե արդյունքում կպարզվի, որ համակարգը փայլուն աշխատել է, առողջապահության նախարարին քննիչ հանձնաժողովը վերջում ներկայացնի արիության մեդալի կամ ազգային  հերոսի կոչման։