21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ, այս մասին Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մտածեցի, որ մեր երեխաները հիմա շատ քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին ու նա, ով քննադատաբար է վերաբերվում, այս նախադասությունը իր մեջ վերլուծելով, օրինակ, կարող է արձագանքել այսպես՝ «առանց կրթության հնարավոր է G կարգի, կամ ինչպես ժողովրդի մեջ են ասում «յաշիկ մերսեդես» առնել» ու, այո, կարող է այս նախադասությունը գոյություն ունենալ», — ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել G կարգի մերսեդես, ապա առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի մերսեդես։

«Մենք ի՞նչ ենք ուզում, ինչպիսի՞ ապագա ենք ուզում տեսնել ձեզ համար, որ դուք առավոտյան արթնանաք, մոտենաք ձեր խոհանոցին, բացեք ձեր սառնարանը ու այնտեղ տեսնեք տարատեսակ սննդամթերք՝ երշիկներ, պանիրներ, մուրաբաներ, թե՞ մենք ուզում ենք, որ դուք առավոտյան արթնանաք, ունենաք շատ քաղաքակիրթ, առողջ նախաճաշ ու շատ արագ գնաք զբաղվեք տիեզերքը նվաճելու ձեր ամենօրյա գործով: Ես ուզում եմ, որ մենք բոլորս ընկալենք, որ ամեն րոպեն, ամեն ժամը, որ անցկացնում եք այս պատերի ներսում, դրանով որոշվում է, թե ինչպես եք ապրելու դուք, ինչպիսի երկրում եք ապրելու դուք», — նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ուզում է, որ երեխաներն իրենց առաջ ոչ թե նպատակ դնեն ունենալ ամենատարբեր փայլուն, ճոխ, թանկ, պսպղան առարկաներ, այլ ուզում է, որ նրանք իրենց առաջ նպատակ դնեն, որ երջանիկ լինեն իրենց ամենօրյա աշխատանքի մեջ։

«Մնացած բոլոր նյութականը կստեղծվի այնպես, որ դուք ինքներդ չեք նկատի դա», — ասաց վարչապետն՝ ավելացնելով, որ ուզում է՝ երջանկությունը լինի երեխաների ամենակարևոր նպատակը, ոչ թե՝ ոսկին։