Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է Ամուլսարի հանք- նախաձեռնող խումբ, որի անդամները Ամուլսարի ազդակիր համայնքներից են՝ Գնդեվազ, Գորայք ու Սարավան։ Նախաձեռնության անդամները խմբում տեղադրում են տեսանյութեր, կատարում գրառումներ՝ այդ հարթակում փորձելով ներկայացնել իրենց տեսակետը։ Նախաձեռնության խմբի անդամները կողմ են հանքի շահագործմանը։

Ներկայացնում ենք Irakanum.am-ի հարցազրույցը Ամուլսարի հանք- նախաձեռնող խմբի անդամ Զառա Գեւորգյանի հետ։

Ի՞նչ է իրենից ներկայացնում խումբը, ինչո՞ւ առաջացավ նման խումբ ստեղծելու գաղափար։

Երկու տարուց ավելի ապօրինաբար փակվել են դեպի Ամուլսար տանող ճանապարհները և չի գործում օրենքը, որպեսզի մեր ձայնը լսելի դարձնենք, մենք որոշեցինք մի խումբ ստեղծել, որտեղ կարող ենք մեր ձայնը լսելի դարձնել։ Կառավարությունը ոչ մի արձագանք չի տալիս, ոստիկանությունը նույն տեղում դոփում է, դրա համար մենք որոշեցինք նման կերպ հանդես գալ և անում ենք այս ամենը օրենքի շրջանակներում, օրենքից դուրս ոչինչ չենք պահանջում։ Մենք ունեինք աշխատանք և զրկվեցինք՝ ապօրինաբար ճանապարհները փակելու արդյունքում։

Երկու տարի է խնդիրն օդում առկախված է։ Այս ընթացքում տարբեր կերպ փորձել եք իշխանության ուշադրությունը հրավիրել ձեր խնդիրների ուղղությամբ, ի՞նչ եք կարծում ֆեյսբուքում ստեղծված խումբը որքանով կօգնի։

Քանի որ հիմա ամեն ինչ ֆեյսբուքյան հարթակում է լինում, աղմուկ բարձրացրեցին ցուցարարները մենք լռեցինք, իրանք շատ անցան, բայց չկա իրենց կողմից որեւէ հիմնավոր փաստ, որ հանքը չպետք է աշխատի և տեսանք, որ մենք այլ ելք չունենք, և մտածեցինք, որ իրենք քայլեր են անում, մենք պետք է հակադարձենք, որ արդյունքի հասնենք, որովհետեւ մենք դիմեցինք տարբեր տեղեր, որպեսզի օրինականությունը վերականգնվի։ Հիմա այսպես ասած հույսներս դրել ենք ֆեյսբուքի վրա։ Իրենք ասում են չենք ուզում, բայց դա ճիշտ չի, ես էլ էսօր շատ բան չեմ ուզում, հո ուզել- չուզելով չի՞, եթե կա օրենք, եթե կա ճիշտ, ապա այն մեկն է։

Գնդեվազ, Սարավան, Գորայք։ Միայն այդ համայնքներից են ընդգրկվել ներկայացուցիչներ, թե՞ կան մարդիկ, ովքեր միացել են, սակայն ինչ-ինչ պատճառներով ակտիվություն չեն ցուցաբերում։

Շատ մարդիկ կան, որ կողմ են հանքի շահագործմանը, բայց ապրում են վախի մթնոլորտում և իրենք չեն կարողանում հանդես գալ։ Կան կանայք, ես Սարավանի կանանց անունից եմ խոսում, ովքեր ինձ ասում են՝ համամիտ ենք, թող հանքը աշխատի, բայց վախենում են խոսել, որովհետեւ ցուցարարները հաշվեհարդար կտեսնեն։ Իրենք ինձ ասել են, որ իրենց անունից խոսեմ, բայց իրենց անունները չտամ։ Քանի որ մենք ունեցանք դեպքեր, երբ օրենքը չգործեց, ցույցեր եղան, քարերով խփել և այլն, իրավապահ մարմինները ոչինչ չարեցին և մարդիկ սկսեցին վախենալ։ Իրենք կողմ են, բայց վախենում են հիմա խոսել, քանի որ հետո կարող են հաշվեհարդար տեսնել իրենց ամուսինների, կամ տղաների նկատմամբ։

Գաղտնիք չէ, որ հանքում մեծամասամբ տղամարդիկ են աշխատում։ Որքանո՞վ էր տնտեսապես օգնում Լիդիանը ազդակիր համայնքների կանանց։

Լիդիանը այն եզակի կազմակերպություններից է, որ միշտ տեղ է տվել մարդուն և առավել եւս գրագետ մարդուն։ Եթե դու ունես կրթություն, ապա դու կարող ես այնտեղ քեզ համապատասխան աշխատանք գտնես, անգամ եթե չունես՝ էլի կգտնես։ Սարավանում մենք երկու տնկարան ենք ունեցել և այնտեղ ներգրաված են եղել կանայք։ Այսինքն միայն բուն հանքում աշխատելը չէ։

Երկու տարի է խնդիրն առկա է։ Նոր աշխատանք գտնել չի՞ հաջողվում։

Սարավան համայնքում աշխատատեղեր չկան։ Միայն գյուղապետարանն ու դպրոցն են, շատ-շատ գյուղում անասուն կարողանաս պահես։ Բայց եթե ստանում ես կրթություն, և դա կիրառես, ինձանից թող ոչ ոք չվիրավորվի, բայց այսօր երրորդ դասարանի կրթություն ունեցողն էլ կարող է անասուն պահել, այլ այլընտրանք մենք չունենք։ Ես շատ եմ ցանկանում, որ Լիդիանի նման կազմակերպությունները շատ լինեն, որտեղ գործի օրենքը և հավասար գործի։ Եթե այսօր ցուցարարը ձայնը բարձրացնում է, գոռում է, բարձրաձայնում է, որ հանքը չպետք է շահագործվի, բայց եթե նրանք գոռում են չի նշանակում ճիշտ են, ոչ հավասարություն պետք է լինի, եթե իրենք ասում են պիտի չաշխատի, ապա մենք ասում ենք՝ պիտի աշխատի։

Իսկ ինչո՞վ եք պայմանավորում իշխանությունների լռությունը։

Իմ անձնական կարծիքն այն է, որ կա քաղաքական խնդիր։