Քննարկվում է իմ գործադիր տեղափոխվելու հարցը, բայց այս պահին ես չունեմ ոչ մի հերքող կամ հաստատող պատասխան։ NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե առաջիկայում ինքը մանդատը վայր է դնելու և զբաղեցնելու է Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը։

Արմեն Փամբուխչյանը ժամկետներ հստակ չնշեց, թե երբ որոշակիություն կլինի այդ գործընթացում, պատճառաբանելով, որ պահին բովանդակային պատասխան տալ դեռ չի կարող։

«Հետագայում, եթե ասելիք ունենամ, մանրամասն կներկայացնեմ, կներեք, ավել բան չեմ կարող մեկնաբանել»,-հավելեց նա։

Հիշեցնենք նաև, որ Արմեն Փամբուխչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։ Մինչ պատգամավոր դառնալը՝ 2018թ.ի հունիսի 6-ից նա զբաղեցնում էր Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը։

Նշենք, որ այսօր՝ ավելի վաղ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ևս նշել էր, որ նման քննարկում եղել է, սակայն իրադարձություններից առաջ չընկնելով՝ մանրամասներ չէր հաղորդել։