Արդեն տեւական ժամանակ է, ինչ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը չի գործում եւ գործող օրենսդրության համաձայն,  մեր բոլոր քաղաքացիները, որոնք գտնվում են արտերկրում եւ քրեական հետախուզման մեջ են հայտնվել, բանակում չծառայելու հետեւանքով, գործող օրենսդրությամբ կա միայն մեկ սցենար՝ ենթարկվել պատասխանատվության եւ հայտնվել բանտում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Նրա խոսքով, սա էր, որ իրենց ստիպել է գտնել նոր լուծումներ եւ հանդես գալ օրենսդրական  նախաձեռնությամբ:

«Այս 1,5 տարիների ընթացքում եղել են հարյուրավոր դիմումներ, որոնք խնդրում էին, որ պատգամավորները գտնեն լուծում: Մենք դեռ մեկ տարի առաջ հայտարարեցինք, որ նոր լուծում ենք գտնելու, որը լինելու է ինստիտուցիոնալ: Եթե հիշում եք ամեն տարի այդ օրենքը երկարաձգվում էր ԱԺ-ի կողմից: Մենք եկանք նոր լուծումներով: Մեր նպատակն է, որ օգտագործենք այն ռեսուրսը, որ ունենք Սփյուռքում՝ հնարավորություն առաջարկելով նրանց: Առաջինը. Այն քաղաքացիները, որոնք 27 տարին լրացել է, կկարողանան հետ վերադառնալ Հայաստան, վճարել երկու տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձը գումարած հավելավճարները, որը մեր նախնական հաշվարկներով կազմելու է 5-5,5 մլն դրամ: Բայց եթե իրենք ցանկություն կհայտնեն ներգրավվել զինված ուժերում առաջիկա 3 տարիների ընթացքում, նրանք հետ կստանան այդ գումարը»,-ընդգծեց Մխիթարյանը:

Նա կարծիք հայտնեց, որ վստահ չէ, որ ՊՆ-ի դիրքորոշումը դրական կլինի. «Որովհետեւ այնտեղ, որտեղ կա նույնիսկ գումարային լուծում, ՊՆ-ն, բնական է, որ պետք է ունենա իր հստակ դիրքորոշումը: Մի կողմից հասկանում ենք, որ ՊՆ-ն ունի իր հստակ դիրքորոշումը, որ բոլորը պետք է ծառայեն Զինված ուժերում, մյուս կողմից մենք փաստացի մի քանի հազար քաղաքացիներ ունենք, որոնք այդ խնդրի առջեւ կանգնած են: Մարդիկ 33-35 տարեկան են, երեխաներ ունեն եւ գտնվում են քրեական հետապնդման մեջ»: