Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը դեսպանի հետ քննարկել է հայաստանյան բարեփոխումների լայն օրակարգի անկյունաքարային ոլորտներին՝ կոռուպցիայի դեմ պայքարի եւ ոստիկանության բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, այդ համատեքստում անդրադարձել ԱՄՆ կառավարության հետ համագործակցության արդյունքներին ու փոխգործակցության հետագա հնարավորություններին։

Մասնավորապես՝ Ռուստամ Բադասյանը խոսել է նոր Պարեկային ծառայության ստեղծման, դիմորդների հավաքագրման գործընթացներից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Գլխավոր դատախազությունում ձեւավորված հատուկ ստորաբաժանումից, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հակակոռուպցիոն դատարանի ուղղությամբ տարվող աշխատանքներից, ինչպես նաեւ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության դրական արդյունքներից։

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին թվարկված ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով ցուցաբերած շարունակական աջակցության համար եւ ընդգծել, որ ընթացիկ արդյունքներն արդեն իսկ խոսում են երկու երկրների կառավարությունների հարաբերությունների որակի մասին։

Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը սկսելուն ընդառաջ հանդիպելու եւ Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգի իրականացման հարցում՝ մասնավորապես՝  նոր հակակոռուպցիոն հաստատությունների ձեւավորման եւ ոստիկանության բարեփոխումների շուրջ, Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը քննարկելու համար։