Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է մոտ օրերս: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Գրիզերին իր պաշտոնավարման տարիներին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրենն էլ իր երախտագիտության խոսքն է հղել փոխվարչապետ Գրիգորյանին՝ այս տարիներին ստեղծված կառուցողական ամուր եւ արդյունավետ համագործակցության համար։

Տեսազանգի ընթացքում տիկին Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին:

Կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության ընդայնման հնարավորությունները, խոսել կազմակերպության հնգամյա ռազմավարության մշակման ընթացքի մասին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության հետ տիկին Գրիզերի պաշտոնավարման ընթացքում ձեւավորված հարաբերությունների օրակարգը կշարունակի զարգանալ նաեւ պարոն Հոֆմանի ղեկավարությամբ:

Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետը ՀՀ Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Կառավարության համար առաջնահերթ բարեփոխումների իրականացման գործում աջակցություն ցուցաբերելու համար: