Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով խոստանում է հայրենիք վերադառնալ եւ վարչապետ դառնալ, չի կարող դառնալ կառավարության ղեկավար եւ նույնիսկ պատգամավոր, քանի որ չունի Վրաստանի քաղաքացիություն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են սահմանադրական իրավունքի հարցով մասնագետները:

Ներկայումս Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է: Նա  2015 թվականին ուկրաինական անձագիր ստանալուց հետո զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից:

Սաակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2004 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի նոյեմբեր: Նա լքեց երկիրն իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո: Արդեն «Վրացական երազանքի» կառավարման տարիներին Սաակաշվիլին մեղադրվում էր լիազորությունների չարաշահման եւ քաղաքական հակառակորդների հետապնդման մեջ: Նրա դեմ հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից երկուսով դատավճիռներ են կայացվել:

Վրաստանի երրորդ նախագահը բազմիցս հայտարարել է հայրենիք վերադառնալու մտադրության մասին: Ամեն անգամ «Վրացական երազանք»-ի առաջնորդները եւ կառավարության անդամները շատ կոշտ էին արձագանքում նման հայտարարություններին:

Վրաստանի իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ բացասական են գնահատել Սաակաշվիլիի մտադրությունը: Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին խոստացել է, որ Սաակաշվիլին սահմանը հատելուց անմիջապես հետո կձերբակալվի: