Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիցկին Գերմանիային եւ Եվրամիությանը կոչ է արել հրաժարվել «Հյուսիսային հոսք 2»-ի շարունակությունից՝ որպես արձագանք ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակին, հայտնում է DW-ն:

«Չի կարելի Ռուսաստանի վրա հեռվից մատ թափ տալ, եւ դրանից հետո « Գազպրոմի» հետ ներգրավվել «Հյուսիսային հոսք 2» նախագծում»,- Frankfurter Allgemeine Zeitung թերթի կայքում մեկնաբանության մեջ գրել է Մորավեցկին:

Մորավեցկու կարծիքով՝ Նավալնիի հետ կապված պատմությունից միակ ռացիոնալ եզրակացությունը կարող է լինել ««Հյուսիսային հոսք 2» նախագիծը արխիվ տեղափոխելը»:

«Ռուսաստանի ընդդիմության առաջատար անդամին արգելված քիմիական նյութով թունավորելու փորձը՝ ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ նախատեսված բանակցություններից երկու օր առաջ, որոնք պետք է կայանային Բեռլինում, մարտահրավեր է Եվրոպայի ողջ ժողովրդավարական համայնքի համար»,- այնուհետեւ ընդգծել է Լեհաստանի վարչապետը:

Բացի այդ, նա համոզված է, որ գազատարը Եվրոպան կախվածության մեջ է գցում ռուսական գազի մատակարարումներից: Բայց ամենավտանգավորն այն է, որ Ռուսաստանը տնտեսական համագործակցության քողի տակ ազդեցություն կունենա ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում տնտեսական եւ քաղաքական իմաստով ամենակարեւոր գործընկերներից մեկի` Գերմանիայի գործողությունների վրա, նախազգուշացնում է Մորավեցկին:

Նրա կարծիքով, բավական չէ պարզապես հաշվի առնել, որ Ռուսաստանը չի ճանաչում ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը արեւմտյան իմաստով: Անհնար է կառուցողական երկխոսություն վարել մի պետության հետ, որը խախտում է միջազգային ստանդարտները եւ միջազգային օրենսդրությունը ոչ միայն տանը, այլ նաեւ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամների տարածքում, համոզված է Մորավեցկին:

Գերմանիայում Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված քննարկում է ծավալվում հնարավոր համաեվրոպական արձագանքի եւ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների ներդրման վերաբերյալ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ կարող են անդրադառնալ «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը: