«Մենք պրոցեսը սկսել ենք, բայց կարևոր է իմանալ, որ սա կախված չի միայն քաղաքապետարանից», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ մայրաքաղաքն ամբողջությամբ կազատվի գազելներից և մենք կունենանք միկրոավտոբուսներ կամ ավտոբուսներ: Քաղաքապետը հիշեցրեց, որ գործընթացը սկսված է. 100 մինիավտոբուսի մրցույթ է դրվել և մրցույթը կայացել է: «Սա սկիզբն է: Ընդհանուր համակարգում խորհրդատուի կողմից տրված ավտոբուսների քանակը 850-950 պետք է լինի, ներառյալ՝ պահեստային ավտոբուսները»: Հայկ Մարությանը կրկին ընդգծեց, որ գործընթացին շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա կառավարությունը, որովհետև համայնքն իր բյուջեով չի կարող այսպիսի մեծ գումարներ ծախսել: «Այս առումով, կառավարության և Եվրոպական վերակառուցման բանկի հետ համատեղ մենք տենդերը կազմակերպել ենք, 2 մասնակից է մասնակցել և 2-ն էլ չես համապատասխանել չափանիշներին, հետևաբար մրցույթը համարվել է չկայացած, ինչի մասին հայտարարել են նաև էքսպերտները: Հիմա մենք աշխատում ենք նոր մրցույթի վրա»,- ասաց քաղաքապետը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ փուլում են մետրոյի նոր կայարանի ուղղությամբ ընթացող աշխատանքները, ինչի մասին նախընտրական ծրագրով և քարոզարշավներում խոսել էին Հայկ Մարությանն ու իր թիմը: «Մետրոյի մասով ասեմ, որ փորձել ենք ներգրավել մասնավորի, որպեսզի այդ հոգսը պետության վրա չընկնի: Սակայն, այն պայմանները, որոնք մեզ առաջարկեցին տարբեր մասնավոր ընկերություններ, նաև իմ կողմից գնահատվել են քաղաքի և պետության համար ոչ այնքան բարենպաստ: Ուստի, կառավարության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ պետությունն ինքը կկառուցի: Այս պահին աշխատում ենք նախագծի մրցույթի վրա, ունենք էսքիզներ, բայց կկազմակերպենք նախագծի մրցույթ: Խոսքը գնում է մոտ 35 միլիոն դոլարի մասին, կառավարությունը հավաստիացրել է, որ այդ գումարը կարող է տրամադրել մետրոյի կայարանի կառուցման համար»,- ասաց Հայկ Մարությանը: