Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց. Գագիկ Խաչատրյանն իր գործով նիստին ներկա չէր։

Գագիկ Խաչատրյանը դատարանին էր ներկայացրել տեղեկանք, որ ունի առողջական խնդիրներ ու չի կարող ներկայանալ։ Նա դատարանին միջնորդել էր նիստը հետաձգել։

Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 30-ին։

Դատարանը հայտարարեց, որ հարցում կուղարկի ՔԿՀ՝ տեղեկանալու Խաչատրյանի առողջական վիճակի մասին։

Նշենք, որ  նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, ներկա դատավարությանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են  պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։

Նախնական դատական նիստին դատարանը մերժել էր պաշտպանների միջնորդությունը՝ գործով ամբաստանյալների խափանման միջոցները փոփոխելու վերաբերյալ։

Նշենք, որ երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):

Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):