Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։ Հանդիպումը շարունակվել է 4 ժամից ավելի։

Բելառուսական БЕЛТА գործակալության փոխանցմամբ՝ երկու ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը, առաջացած մարտահրավերներին համատեղ արձագանքը։

Նախքան բանակցությունների մեկնարկը կողմերը խոսել են մի շարք թեմաների, այդ թվում՝ Բելառուսում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, Վլադիմիր Պուտինը շեշտել էր, որ Բելառուսն ինքնուրույն պետք է լուծի նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը։

Պուտինը նաև շեշտել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀԱՊԿ-ի և Դաշնակցային պետություն ստեղծելու մասին պայմանագրի շրջանակներում ձեռք բերված համաձայնություններին և կկատարի իր վրա վերցված բոլոր պարտավորությունները։ ՌԴ նախագահը հայտնել էր Բելառուսին 1,5 մլրդ դոլար պետական վարկ տրամադրելու մասին։

Սոչի աշխատանքային այցը Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան ուղևորությունն է օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո։ 6-րդ անգամ նախագահ ընտրվելուց հետո Լուկաշենկոյի դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունենում արդեն 1 ամսից ավելի։