«Հասարակության շատ խավեր ներկայում սոցիալական բարդ վիճակում են, և մենք նպատակ ունենք նրանց վիճակը փոքրիշատե բարելավելու»,- այսօր ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ ներկայացնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նշենք, որ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին։

Սրբուհի Գրիգորյանը տեղեկացրեց՝ իրենք առաջարկել են, որ միայնակ և անժառանգ տարեցներին հատկացվի կոմունալ վարձավճարների փոխհատուցում՝ նվազագույն կենսաթոշակի 20%-ի չափով, ամսական ընդամենը 5000 դրամ։

«Մեր ուղարկած հարցմանն ի պատասխան սոցապ նախարարությունը սկզբում տվել է 11851, ապա 11252 նման տարեցների տվյալ։ Այսինքն, եթե օրենքն ընդունվեր, ապա բյուջեից պետք է հատկացվեր մոտավորապես 710 մլն դրամ։ Արդյունքում, մենք կունենայինք իրենց հացի փողը կոմունալի վրա չծախսող միայնակ տարեցներ։ Բոլորս գիտենք, որ եթե տանը երկու թոշակառու կա, ապա նրանցից մեկի թոշակը ուղղվում է կոմունալ վարձավճարներին, իսկ մյուսը՝ սննդին։ Այդ հնարավորությունը չունեն լրիվ միայնակ կենսաթոշակառուները։ Իմ գործընկերներն ասում են, որ այդ միայնակ թոշակառուների մեջ կան մարդիկ, որ դրսից դոլար ու եվրո են ստանում։ Գուցե և կան, բայց թոշակառուների քանի՞ տոկոսն է դրսից գումար ստանում»,- ներկայացրեց նա։

Պատգամավորի խոսքով, Կառավարությունը, նախագծին բացասական եզրակացություն տալու հիմքում նշել է այն, որ չկա խոցելի տարեցների ամբողջական տվյալների բազա, և 20 միավորից բարձր անապահովության միավոր ունեցողների համար սահմանվում են գազի և էլեկտրաէներգիայի նվազ սակագներ.

«Ոչ, այդ զեղչերը չեն տարածվում միայնակ տարեցների վրա, քանի որ հանրապետության գյուղական համայնքների մեծ մասը գազաֆիկացված չէ, ստացվում է՝ անունումը կա, ամանումը՝ ոչ։ Այսօր մենք ենք որոշելու, թե ինչպես են մեր տարեցները ձմեռն անցկացնելու»։

Նախագծի հարակից զեկուցող Հերիքնազ Տիրգրանյանը նշեց, որ հիմնավորումները բոլորովին այլ նախագծի մասին են։

«Մենք ունենք արդեն ընդունված օրենք, ըստ որի՝ սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցները  կամ կենսաթոշակառուները օգտվում են կոմունալ վճարումների համար փոխհատուցման իրավունքից։ Միայնակ տարեցներին այս պահին արդեն իսկ տրամադրվում են որոշակի արտոնություններ, ուստի պետք է դեմ քվեարկել այս նախագծին»,- ասաց նա։

Եվ, ձայների՝ 35 կողմ, 72 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։